Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«Հայաստանում այն տպավորությունն է, կարծես գալիս ես քո ընտանիք, որին երկար ժամանակ չես տեսել»

«Հայաստանում այն տպավորությունն է, կարծես գալիս ես քո ընտանիք, որին երկար ժամանակ չես տեսել»
22.11.2013 | 16:01

Հարցազրույց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր ՍՊԻՎԱԿՈՎԻ հետ:

-Մաեստրո, Դուք ղեկավարում եք Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբերը, զբաղվում եք բարեգործական հիմնադրամի աշխատանքներով, շատ հագեցած գրաֆիկով համերգներ եք տալիս: Եվ սա միայն Ձեր գործունեության մի մասն է: Ինչպե՞ս եք հասցնում:
-Կարծում եմ` ցանկացած շատ զբաղված մարդ մեղքեր գործելու էապես քիչ հնարավորություններ ունի:
-Դուք երաժշտության նվիրյալ եք: Ձեզ մոտ չի՞ եղել այնպիսի զգացողություն, թե հանուն երաժշտության ստիպված եք եղել շատ բանից հրաժարվել:
-Իրոք ճշմարտություն է, երբ ասում են` արվեստը զոհեր է պահանջում: Նրանք, ովքեր իրենց ամբողջովին նվիրում են արվեստին, ստիպված են հրաժարվել շատ բաներից: Երբեմն ցանկություն է առաջանում գնալ թատրոն, ինչ-որ լավ ներկայացում դիտել, այցելել նկարների ցուցահանդես, ուղղակի նստել ընկերների հետ կամ ճանապարհորդել, սակայն անհնար է: Այսպիսի արտահայտություն կա` արվեստում քրմեր և տառապյալներ կան: Ես որոշ իմաստով համատեղում եմ այդ երկուսը:
-Հետաքրքիր է` Ձեր կյանքում ստեղծագործական անհաջողություններ եղե՞լ են, և ինչպե՞ս եք կարողացել լուծել դրանք:
-Իհարկե, եղել են ստեղծագործական անհաջողություններ, սակայն դուրս գալ դժվարություններից, դեպրեսիայից ինձ շատ օգնում է Սաթին` իմ կինը: Եվ հետո, միշտ պետք է ինչ-որ նոր բան անել, այդ դեպքում հեշտ կլինի մոռանալ հին ագրեսիաները:
-Մաեստրո, Դուք վերջերս կոչ արեցիք նոտաների ուսուցումը ներառել դպրոցական ծրագրերում: Ո՞րն է այդ առաջարկի նպատակը. երաժշտությունը մարդուն ավելի լա՞վն է դարձնում:
-Անկասկած: Երաժշտությունը ճշմարտության մի մասնիկն է, որը չի արտահայտվում բառերով, բայց այն անցնում է գիտակցության ոլորտից դեպի զգացմունքներ, դեպի սիրտ, ինչը մարդուն խիստ անհրաժեշտ է: Բացի այդ, այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են: Եթե նայեք ցանկացած գործիք նվագող երեխայի դեմքին, ապա այն ոչ թե ինչ-որ անկյունում արված ակնթարթային լուսանկարներից նայող դեմք է, այլ մտածող հայացք:
-Երաժշտությունն արվեստի այն ճյուղն է, որն ամենից շատ է կարողանում հուզել մարդուն, ներազդել նրա վրա: Ինչի՞ շնորհիվ է դա հաջողվում:
-Դա տեղի է ունենում շնորհիվ նրա, որ երաժշտության մեջ ոչ բառերով, այլ զգացմունքային հարթության վրա խիստ արտահայտված է բարոյականության նախասկիզբը: Էմանուել Կանտն ասել է, որ բարոյականությունը չի սովորեցնում` ինչպես լինել երջանիկ, բայց սովորեցնում է, թե ինչպես արժանի դառնալ երջանկության:
-Շատ երաժշտական քննադատներ նշում են, թե երիտասարդները սկսել են քիչ հետաքրքրվել դասական երաժշտությամբ, և այսօր դասական երաժշտության համերգների ունկնդիրներն առավելապես տարիքով մարդիկ են: Համամի՞տ եք այդ տեսակետին, և ովքե՞ր են Ձեր ունկնդիրը` երիտասարդնե՞րը, թե՞ ավելի տարիքով մարդիկ:
-Ես բախտավոր մարդ եմ` իմ համերգներին դատարկ նստատեղեր չկան: Եվ շատ հաճախ 80-100-150 երեխաներ ուղղակի նստած են բեմում: Նման բան անգամ տեղի ունեցավ Նյու Յորքում` «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգի ժամանակ: Կարելի է ենթադրել, որ նրանց, ովքեր ասում են, թե քիչ է հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ, է՛լ ավելի շատ գումար է անհրաժեշտ զանգվածային մշակույթի համար:
-Մաեստրո, հայ հանդիսատեսը մի առանձնահատուկ սիրով է կապված Ձեզ հետ: Ի՞նչ զգացումներ եք ունենում հայ հանդիսատեսի հետ հանդիպումից:
-Այն տպավորությունն է` կարծես գալիս ես քո ընտանիք, որին երկար ժամանակ չես տեսել:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ